«Քաղաքական աճպարարության» անփառունակ ավարտը
06.03.2025 | 23:20
2014թ. ապրիլի 9-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը ասում էր հետևյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում ընտրվի պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Այս խոսքը նա ասում էր ուղիղ եթերում՝ ի լուր ողջ հայության: Անշուշտ, այն նաև ուղերձ էր Ադրբեջանին և Արցախյան հիմնահարցի լուծմանը ներգրավված միջազգային կառույցներին և պետություններին(ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և այլն):
Լինելով հմուտ պետական և քաղաքական գործիչ, նա անշուշտ քաջ գիտակցում էր, որ այդ հայտարարությամբ ինքն հատում է անդառնալիության քաղաքական և բարոյական մի սահման, որից հետո երկիրն առաջնորդել շարունակելու ցանկացած որևէ հիմնավորմամբ «փաթեթավորված» իր հավակնությունը կարժանանա համարժեք հակազդեցության հայաստանցիների կողմից, ինչպես նաև կխթանի անձնական վարկի կտրուկ անկմանը գործընկեր երկրների և կազմակերպությունների ղեկավարների շրջանում՝ ինչի ականատեսը դարձանք 4 տարի անց՝ 2018թ. ապրիլին: Ամենով հանդերձ սակայն, նա գնաց այդ քայլին՝ ճանապարհ հարթելով այս «պետականաքանդ» սահմանադրությունը Հայոց Պետականության փխրուն ուսերին նստեցնելուն:
2021թ. ապրիլի 28-ին, հայտնի կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանին տված բացառիկ հարցազրույցում փորձելով արդարացնել վարչապետի պաշտոնին հավակնելու և երկիրն առաջնորդելու իր ձախողված քայլը, Սերժ Սարգսյանն ասում է հետևյալը.
«Վարչապետի պաշտոնին իմ մնալու պատճառը, իմ գործընկերների հորդորներին ընդառաջ գնալով, միայն ու միայն նրա համար էր, որպեսզի Արցախյան բանակցային գործընթացը հասցնեմ մի այնպիսի հանգրվանի, որ հարցի լուծումը կախված չլինի գլխավոր բանակցողից, հասկանո՞ւմ եք»:
Վերոշարադրյալ մեջբերումները սոսկ նրա համար էր, որպեսզի հստակ ֆիքսենք երկու իրողություն.
ա) 2014թ. Սերժ Սարգսյանը, ելակետ ունենալով Հայոց Պետականության հանդեպ իր սերն ու պատասխանատվությունը, իր հայտարարությամբ բացառում էր երկրի առաջնորդ կարգվելու իր հավակնությունը:
բ) 2018թ. Սերժ Սարգսյանը, ելակետ ունենալով Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում գլխավոր բանակցողի փոփոխության անթույլատրելիությունը, փորձեց կրկին ստանձնել երկրի առաջնորդությունը:Բոլորից լավ հասկանալով, որ դրժելով իր իսկ տված «նախագահական» հեղինակավոր խոսքը՝ թեկուզ հանուն հայության սրբության սրբոց դարձած Արցախի և կարգվելով Վարչապետ, հնարավոր բոլոր կողմերի համար կընկալվի որպես պետական-քաղաքական ամենասովորական աճպարար:
Հասանք հանգուցալուծմանը. Իսկ կարո՞ղ էր Սերժ Սարգսյանը այնպես ուղղորդել զարգացումները, որ համ չդրժեր իր խոստումը և համ էլ չեզոքացներ Արցախյան «ճակատում» առկա լրջագույն ռիսկերը: Միանշանակ՝ կարող էր: Ընդամենը պետք էր 2018թ. ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին «խնդրել» և ինչու ոչ «պարտադրել», որ ստանձնի 2017թ. ընտրությունների արդյունքում խորհրդարանական որակյալ մեծամասնություն ձևավորած ուժի՝ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուի պարտավորությունն ու ընտրել Ռոբերտ Քոչարյանին ՀՀ Վարչապետ : Եվ ինքը մնար իր տված «նախագահական» հեղինակավոր խոստման բարձրության վրա և Արցախյան հարցի գլխավոր բանակցողը՝ հանձինս Քոչարյանի չէր փոխվի:
Ընդամենը և միայն:
Թող Սերժ Սարգսյանը պատասխանի հարցին, թե ինչու՞ կրելով «այդքան մեծ սեր ու պատասխանատվություն Հայոց Պետականության» հանդեպ, զարգացումները չի ուղղորդել այդ տրամաբանությամբ և արդյունքում ստացվել է այնպես, որ իշխանության ղեկին է հայտնվել «աշխարհաքաղաքական Ռեմբոն», որը ընդամենը երկու տարում վերածվեց «աշխարհաքաղաքական Գիքորի»՝ ներքաշելով Հայոց Պետականությունը այս աղետաբեր շրջանի մեջ:
Իհարկե չի պատասխանի: Որովհետև այս հարցը 2018թ.-ից անպատասխան կախված է օդում և չունի որևէ հոդաբաշխ պատասխան: Եվ ոչ միայն ինքը չի պատասխանի, այլև բոլոր այն «կարկառուն» ՀՀԿ-ականները, որոնք վերջին շրջանում ակտիվացել և ջանասիրաբար հակաքարոզչություն են վարում Քոչարյանի հանդեպ,այդպես էլ չհասկանալով.որ հանրության խելամիտ շրջանակները իրենց արածին վերաբերվում է որպես «քաղաքական աճպարարության» հերթական և արդեն ձանձրալի դարձած մի ակտի :
Ընդամենը և միայն:
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ
Մեկնաբանություններ